Սիրիայում և Իրաքում տարածքները կորցնելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող տարբեր երկրներից եկած վարձկանները հետ են վերադառնում իրենց երկրներ:
Թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքը, հղում կատարելով ամերիկյան «Soufan Center» կազմակերպության տվյալներին, գրում է, որ այս օրերի ընթացքում ահաբեկիչներն ամենաշատը Թուրքիա են վերադառնում, փոխանցում է Ermenihaber-ը:
Համաձայն հրապարակման՝ Սիրիայից ու Իրաքից արդեն 5600 օտարերկրյա վարձկաններ են վերադարձել: Դրանցից 900-ը վերադարձել է Թուրքիա:
«Խալիֆայությունից հետո. Օտարերկրյա զինյալների ու հետ վերադարձածների սպառնալիքը» զեկույցում նշվում է, որ երկարաժամկետ կտրվածքով Թուրքիա վերադարձած անձանցից 7240-ը ձերբակալվել կամ կալանավորվել են ԻՊ-ի ու Ալ Քաիդայի անդամ լինելու կասկածանքով:
Զեկույցից պարզ է դառնում, որ ԻՊ-ի շարքերում ահաբեկիչներ կան 33 երկրներից: Թուրքիան այդ երկրների շարքում ահաբեկչական շարքերում ունեցած քաղաքացիների թվով 7-րդն է: Առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, ապա Սաուդյան Արաբիան: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Հորդանանն ու Թունիսը: Այս երկրների շարքում է նաև Անգլիան,որտեղից գնացած 850 զինյալների կեսը վերադարձել է «հայրենիք»: