Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության Ֆրանկֆուրտի շրջանային մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները: Այդ մասին, ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, հայտնում է ԶԼՄ-ների կոնսորցիումը, որի մեջ մտնում են հանրային հեռարձակողներ NDR-ը, WDR-ը և Süddeutsche Zeitung թերթը:
Հրապարակման համաձայն՝ Ֆրանկֆուրտում կուսակցության շրջանային մասնաճյուղի հաշվին 3000 և 25000 եվրոյի չափով երկու վճարումն իրականացվել է Գերմանիայում SOCAR-ի ներկայացուցչության միջոցով 2012 թվականի փետրվարի վերջին: Սա չորս տարի տևած իրավական վեճ է առաջացրել Բունդեսթագի գործերով վարչության հետ, քանի որ Գերմանիայի օրենսդրությունն արգելում է կուսակցություններին նվիրատվություններ ստանալ ԵՄ-ի մեջ չմտնող երկրներից:
Բեռլինում կուսակցության գլխավոր գրասենյակի աուդիտորները տեղեկացրել են այդ իրավիճակի մասին Բունդեսթագի վարչությանը, որը վերահսկում է կուսակցությունների ֆինանսավորումը, որն էլ 2013 թվականի աշնանը վճռել է, որ օրենքի համաձայն՝ այդ նվիրատվությունն անթույլատրելի է՝ չնայած որ ստացվել է գերմանական հաշվեհամարից: Կուսակցությունը նվիրատվության ամբողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարան, գրում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ Բունդեսթագի վարչությունը չի ուսումնասիրել, թե ինչու է ադրբեջանական պետական կոնցեռնը ՔԴՄ-ին տասնյակ հազարավոր եվրոներ նվիրաբերել: SOCAR-ի գերմանական բաժնի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ փոխգործակցությունը կարևոր է նրա համար՝ «Ադրբեջանի և SOCAR-ի աշխարհաքաղաքական նշանակության ֆոնին»: Այդ մասին է վկայում, օրինակ, գազամուղի նախագիծը, որն անցնում է յոթ երկրներով և որը պետք է ավարտին հասցվի 2019 թվականին: Այդ նախագիծն ընդունվել է 2013 թվականին՝ էներգետիկայի հարցերով ԵՄ այդ ժամանակվա հանձնակատար, գերմանացի քաղաքական գործիչ, ՔԴՄ-ի անդամ Գյունտեր Էթինգերի աջակցությամբ: