Sputnik- ի թղթակիցը եղել է Իրաքի Դահուկ քաղաքի ճամբարում, որտեղ տեղավորվել են գերեվարությունից փրկված եզդիները։ 2014 թ. օգոստոսի 3-ին Սինջարի վրա հարձակման ժամանակ ԻՊ-ի զինյալները գերեվարել էին նրանց, հաղորդում է Sputnik Արմենիան:
Sputnik-ի թղթակիցը խոսել է ճամբարում ապրող եզդիների հետ, որոնք պատմել են, թե ինչպես են ապրել ԻՊ-ի գերության մեջ և ինչպես են կարողացել փախչել:
Եզդի Հուսեյն Բոզանը պատմել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները եզդի տղամարդկանց, կանանց ու երեխաներին առանձին խմբերի են բաժանել:
«Իմ որդիներից երեքը մի տեղում հայտնվեցին, իսկ երկու աղջիկներս` մյուսում, ինձ կնոջս հետ երրորդ խումբ տարան, որովհետև մենք տարեց էինք: Մեկ շաբաթվա գերությունից հետո ես կարողացա փախչել: Ահաբեկիչները կնոջս ազատ արձակեցին, որովհետև նա շատ տարեց էր: Երեք տղաներիս և երկու աղջիկներիս ճակատագրի մասին որոշ ժամանակ ոչինչ չգիտեի: Դուստրերիցս մեկը 17 տարեկան էր, մյուսը` ընդամենը 7: Մի քանի ամիս առաջ կրտսեր աղջիկս փրկվեց Ռաքքայում, իսկ ավագը` Մոսուլում: Բառերով հնարավոր չէ փոխանցել, թե ինչ զգացի, երբ նորից գրկեցի նրանց»,- պատմել է Բոզանը:
Նրա երեք որդին դեռ ԻՊ-ի ձեռքերում են: Լսել է, որ ահաբեկիչները սպանել են նրանց, բայց չի ուզում հավատալ լսածին:
Sputnik-ին տված հարցազրույցում Ռաքքայի ազատագրման գործողության ընթացքում փրկված 9-ամյա Լ.Մ.-ն խնդրել է ցույց չտալ իր դեմքը։
«Եթե ինձ ճանաչեն ԻՊ-ի զինյալները, նրանք կսպանեն գերության մեջ գտնվող եղբայրներիս ու հարազատներիս»,- ասել է նա:
Նա ընդամենը 6 տարեկան է եղել, երբ հայտնվել է իսլամականների ձեռքում։ Նրան բաժանել են ընտանիքից և բանտ ուղարկել հորեղբոր աղջկա հետ:
«Բանտում ուրիշ եզդիներ էլ կային, բոլորիս ստիպեցին իսլամ ընդունել: Ասում էին` կսպանեն նրանց, ովքեր Ղուրան չեն կարդում և չեն աղոթում: Բոլորի անունները փոխեցին, ինձ Ֆաթիմա անունը տվեցին: Բանտում 3 ամիս անցկացնելուց հետո աղջիկներից շատերին, այդ թվում` ինձ, Ռաքքա ուղարկեցին»,- պատմել է աղջիկը:
Հաճախ էին ծեծում: Ինչ-որ ժամանակ անց աղջիկներն արդեն չէին արտասվում, որովհետև արցունքների համար ավելի դաժան էին ծեծում:
Նրան վերավաճառել են 3 անգամ:
Նա պատմել է նաև, որ ԻՊ-ի զինյալները ստիպել են մարդկանց խոշտանգումների և սպանությունների տեսանյութեր դիտել: Ասել են, որ սպանում են բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ են փոխանցում փեշմերգայի ջոկատներին:
«Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես մի կնոջ սպանեցին, դանակով կրծքին հարվածեցին հենց Ռաքքայի փողոցում», - ասել է Լ.Մ.-ն:
Նրան հաջողվել է փախչել Ռաքքայի ազատագրման գործողության ժամանակ: Հասել է մոտակա գյուղը, դիմել է սիրիական ժողովրդավարական ուժերին, որոնք աղջկան տարել են Դահուկի ճամբար` ընտանիքի մոտ:
«Այնտեղ իմացա, որ իմ եղբայրները դեռ ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքերում են, իսկ հարազատներիցս ոմանք սպանված են», -ասել է աղջիկը:
3 տարի առաջ ստեղծված Եզդիների փրկարարական կենտրոնի ղեկավար Հուսեյն էլ-Քաիդին Sputnik- ին տված հարցազրույցում պատմել է, որ մինչ օրս կենտրոնի իրականացրած գործողությունների ընթացքում փրկվել են 3157 գերի եզդի, սակայն 3200-ը դեռ ԻՊ-ի ձեռքերում են:
Էթնիկ եզդի Աբդուլլահ Շիրինի խոսքով՝ բացի Իրաքի քրդական տարածաշրջանային վարչության (KRAI) ներկայացուցիչներից, ոչ ոք ոչինչ չի արել եզդիներին փրկելու համար: