Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը Թբիլիսի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարության հրաժարականը, հայտնում է Sputnik-Грузия-ն:
Միևնույն ժամանակ կուսակցության գործադիր քարտուղար Գոչա Տևդորաձեն հայտարարել է, որ ուժի մեջ է մինչև ընտրություններն անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրած պահանջները՝ սահմանադրական բարեփոխումների անցկացում, Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան հանձնաժողովի ստեղծում, Հարավային Օսիայի և Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունների և Մոսկվայի հետ երկխոսության հաստատում, սոցիալական մի շարք խնդիրների լուծում:
Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Վրաստանում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նախնական տվյալներով «Հայրենասերների դաշինքը» կարողացել է հաղթահարել 4 տոկոսի շեմը՝ ստացած ձայների թվով դառնալով քաղաքական չորրորդ ուժը: