Շվեդ դիվանագետ․ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի տարբեր ոլորտներում համագործակցության համար

11:49     31 հոկտեմբերի, 2017

Ստորագրելով Եվրոպական միության հետ նոր համաձայնագիրը՝ Հայաստանը կարևոր քայլ կկատարի ԵՄ-ի, այդ թվում՝ Շվեդիայի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ News.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Երևանում Շվեդիայի դեսպանատան գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի տարբեր ոլորտներում համագործակցության  համար։

Դիվանագետը նշել է, որ նոյեմբերի 24-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ երկիրը ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կստորագրի։ Նա ընդգծել է, որ վերջին հաշվով «Արևելյան գործընկերությունը» ստեղծվել է մարդկանց և առօրյա կյանքի հեշտացման  համար, և ԵՄ-ն  նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում ժամանակակից կայուն և բարգավաճող երկրների զարգացմանը ժողովրդավարական և թափանցիկ ինստիտուտների ու օրենքի գերակայության ամրացման, ինչպես նաև առևտրի և տնտեսական  զարգացման աջակցության միջոցով։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների զարգացման շահերին, դիվանագետը վստահ է, որ Հայաստանի և Շվեդիայի իշխանություններն ու կազմակերպությունները ավելի հեշտ կկարողանան փորձ փոխանակել, իսկ հայկական բիզնեսի համար նոր համաձայնագիրը կօգնի ներգրավվել եվրոպական ներքին շուկա։

 


© armedia.am