ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի և փոխադարձ համակրանքի վրա ու համոզմունք հայտնել, որ այս տարվա հունիսին Էմոմալի Ռահմոնի կատարած պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունների կարգավորմանը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարևորել է Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Տաջիկստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ:
«Հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են պատմական և բարեկամական ամուր հիմքերի վրա: Հայաստանն անկախության վերականգնման առաջին օրվանից մեծ նշանակություն է տալիս բարեկամ Տաջիկստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը և երկու երկրների միջև արդյունավետ կապերի ձևավորմանը, որոնք այսուհետ ևս կխորանան և կամրապնդվեն:
Այս տարվա հունիսին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերությունների ողջ ներկապնակին: Ձեռք բերված պայմանավորվածությունների իրացումը կնպաստի քաղաքական երկխոսության առավել ընդլայնմանը, փոխշահավետ համագործակցությանը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում: Մենք գնահատում ենք Տաջիկստանի իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ, որը մեր երկու երկրներին և ժողովուրդներին կապող կարևոր օղակ է:
Հույս ունեմ, որ մեր պաշտոնական այցը կնպաստի նաև օրենսդիր իշխանությունների միջև փոխգործակցության հետագա ակտիվացմանը:
Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Տաջիկստանի օրենսդիր մաիմինների և խորհրդարանականների միջև համագործակցության զարգացմանը` հիմնված երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի դրույթների վրա:
Մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն խաղաղության հաստատմանն ու պահպանմանը և մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է պարոն Բաբլոյանը: