Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Եվրասիական զարգացման բանկի կազմակերպած «Եվրասիական ինտեգրացիա. լճացո՞ւմ, թե՞ զարգացում» խորագրով միջազգային 12-րդ համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական բանկի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև մտադրությունների համաձայնագրի ստորագրումը: ԵԱԶԲ-ն դիտարկում է 10 տարի ժամկետով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին մինչև 100 մլն վարկի տրամադրում:
Նախագծի շրջանակներում ներդրումները պետք է ուղղվեն ցանցերի նոր բաշխիչների կառուցմանը կամ վերակառուցմանը, ցանցի նոր բաժանորդների միացմանը, էլեկտրաէներգիայի հաշվիչների տեղադրման կամ փոխարինմանը, էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատացված համակարգի ներդրմանը, կառավարման մեքենայացված համակարգի և կառավարման միջազգային չափորոշիչների ներդրմանը:
«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Կարեն Դարբինյանի խոսքերով, արդեն հաստատվել է 200 մլն դոլարի նախագիծ և այժմ հաստատման է պատրաստվում 500 մլն դոլարի նախագիծ: «Այդ գումարները ներդրվելու են Հայաստանի էլեկտրական ցանցերի վերազինմանը: Մենք աշխատում ենք Եվրասիական զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի հետ և միջոցներ ենք գրավում այդ ծրագրի իրականացման համար», - նշել է նա: