Իրանի խորհրադարանում տեղի է ունեցել Ադրբեջանի հարցով քննարկում

12:02     1 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 1-ին Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, հայտնում է Panorama.am-ը: Իրանագետ  Արմեն Իսրայելյանը գրում է, որ հետաքրքիր զուգադիպությամբ Իլհամ Ալիևի այցի նախօրեին Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի հարցով քննարկում:

Մասնավորապես Ասթարայի ընտրարածքի պատգամավոր Վալիոլլահ Դադաշին նախարար Զարիֆից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Իրանն Ադրբեջանի քայլերին համարժեք չի գործում, այն է՝ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Նա հիշեցնում է, որ 2016թ. օգոստոսին Հասան Ռոհանիի՝ Բաքու կատարած այցի նախօրեին Ադրբեջանն իրանական կողմին հավաստիացրել էր, թե վիզային ռեժիմը կչեղարկի, որը սակայն տեղի չունեցավ, և Ալիևի՝ Թեհրան կատարելիք այցի նախօրեին իրանցի խորհրդարանականներն Ալիևից հստակ պատասխան են ակնկալում:
«Ի դեպ, իրանական աղբյուրները թեև չեն մանրամասնում, թե Զարիֆն ինչ պատասխան է տվել պատգամավորին, սակայն նշվում է, թե ԱԳ նախարարի պատասխանը չի բավարարել պատգամավորներին»,-գրել է նա:

 


© armedia.am