Կիևում շարունակվում են «Եվրանեսթ» Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքները։ «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքների վերաբեյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
- Տիկի´ն Աճեմյան, ընթանում են «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքները, ինչպիսի՞ ակտիվություն է դրսևորում հայկական պատվիրակությունը: Ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվում:
- Բարեբախտաբար այս անգամ գրեթե ամբողջ պատվիրակությունը ներկայացված է, միայն հարգելի պատճառներով պատվիրակությունից երկու հոգի է բացակայում: Կարծում եմ, որ մեր պատվիրակության գրեթե ամբողջ կազմով ներկայացվածությունը շատ կարևոր դերակատարում ունի, քանի որ բոլոր հարցերի հետ կապված աշխատանքները շատ ավելի համախմբված, կառուցողական և նպատակային են: Նույնիսկ ուկրաինական պատվիրակության ղեկավարը նշեց, որ շատ հաճելի է կողքից տեսնել համախմբված և ակտիվ աշխատող պատվիրակություն:
Պատվիրակության կազմը կարևոր է այն առումով, որ մենք տարբեր հանձնաժողովներում միաժամանակ տարբեր քննարկումներ ենք ունենում, լինում են քվեարկություններ և այդ առումով շատ կարևոր է պատվիրակության կազմի լիարժեք ներկայացվածությունը՝ և´ ակտիվության, և´ քանակի առումով:
Պետք է նշեմ, որ ցանկալի կլիներ, որ մեր եվրոպացի գործընկերները, ովքեր «Եվրանեսթի» ստեղծման նախաձեռնողներից են եղել, այստեղ լինեին ավելի ներկայացուցչական կազմով: Այս անգամ նրանց թիվը համեմատաբար փոքր է, ինչը չի կարող դրական անդրադառնալ կառույցի աշխատանքների վրա: Ավելի ակտիվ և լիարժեք աշխատանք իրականացնելու համար կարևոր է նաև մեր Եվրախորհրդարանի գործընկերների ներկայությունն այստեղ:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված եվրոպացի պատգամավորների փոքր կազմով ներկայացվածութունը:
- Միանշանակ ասել չեմ կարող: Հնարավոր է, որ դա կապված լինի Կիևում տեղի ունեցող զարգացումների հետ, հնարավոր են նաև այլ պատճառներ, որոնք մեզ հայտնի չեն: Այնուամենայնիվ, հետագայում ևս աշխատանքների արդյունավետության համար, կարծում եմ, շատ կարևոր է նրանց ներկայությունը:
- Տիկի´ն Աճեմյան, «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակներում տեղի է ունեցել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության հանդիպումը: Ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպման արդյունավետությունը:
- Որպես ՀՀԿ անդամ՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հանդիպմանը: Քննարկել ենք տարբեր հարցեր, բոլոր պատվիրակությունների նախաձեռնությունների, զեկույցների վերաբերյալ հայտնել ենք մեր դիրքորոշումը: Օրինակ՝ Սոցիալական հանձնաժողովում ադրբեջանական կողմը մեզ համար անընդունելի մի առաջարկությամբ էր հանդես եկել, որը Ղարաբաղյան խնդրին էր վերաբերում: Սակայն, մեր և ԵԺԿ գործընկերների ջանքերով ադրբեջանական առաջարկը մերժվեց:
Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ բոլոր հանձնաժողովներում մեր աշխատաքներն իրենց արդյունքը տվեցին. մեր առաջարկներն ընդունվեցին, իսկ այն առաջարկները, որոնք չէին բխում մեր շահերից, դուրս եկան: Այդ առումով մեր աշխատանքը շատ դրական ու արդյունավետ եմ գնահատում:
Նման ձևաչափով հանդիպումները, քննարկումները, նաև մեր եվրոպական գործընկերների հետ անձնական շփումները կարևոր են, որպեսզի հետագայում միջազգային մյուս կառույցներում կարողանանք մեզ համար կարևոր հարցերի հետ կապված ապահովել նույնատիպ դիրքորոշում և ունենալ ընկերներ, որոնք մեզ կաջակցեն: