Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ինհովվապետական այցով ժամանել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորել են Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ Եկեղեցու արքեպիսկոպոս Ջորջ Աբի Յունեսը, Մեքսիկայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, հայ համայնքի անդամներ։
Օդանավակայանից Նորին Սրբությունն ուղևորվել է ՀՀ դեսպանատուն, հանդիպում ունեցավ դեսպանատան աշխատակիցների հետ։ Այնուհետև Հայոց Հայրապետն այցելել է Գուադալուպեի եկեղեցի, որտեղ տեղի հոգևորականների հետ աղոթք բարձրացվեց առ Աստված։ Նորին Սրբությունը հանդիպեց նաև Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսեռային։
Այնուհետև Մեխիկոյի կաթոլիկ Մայր Տաճարում տեղի է ունեցել միջեկեղեցական աղոթք, որին ներկա են եղել Մեքսիկայի կարդինալ Նորբերտո Ռիվերա Կառեռան, պապական նվիրակը, քույր Եկեղեցիների և պետական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ:
Արարողության ընթացքում քառաձայն գեղեցիկ երգեցողությամբ հանդես է եկել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց եկեղեցու երգչախումբը։ Նորին Սրբությունը է հանդես է եկել պատգամով՝ Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնը բերելով ներկաներին և ցավ հայտնեց վերջերս Մեխիկոյին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: