Ճապոնական և հարավկորեական ռազմական օդանավերի հետ զորավարժությունների շրջանակում ամերիկյան ռմբակոծիչները թռիչք են իրականացրել Կորեական թերակղզու երկնքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջան այցի նախաշեմին, փոխանցում է NEWS.am-ը:
ԱՄՆ ՌՕՈւ հայտարարության մեջ նշվել է, որ զորավարժությունները Խաղաղ օվկիանոսում մշտական ներկայության առաքելության մասն են և նվիրված չէին ինչ-որ իրադարձության:
Հյուսիսային Կորեայում այս զորավարժություններն արդեն դատապարտել են: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ «իմպերիալիստ գանգստերները» փորձում են միջուկային պատերազմ հրահրել:
Թրամփը Ասիայի երկրներով շրջագայությունը կսկսի նոյեմբերի 3-ին: Այն կտևի 12 օր: Շրջագայության շրջանակում ԱՄՆ նախագահը կայցելի Հարավային Կորեա, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Վիետնամ: Քննարկման հիմնական թեման է լինելու Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագիրը: