Կիևում իր աշխատանքներն ավարտեց «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովը։ Վեհաժողովի աշխատանքների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ:
- Տիկի´ն Կյուրեղյան, Ինչո՞վ կարևորվեց «Եվրանեսթ» ԽՎ այս նստաշրջանը:
- Պետք է նշեմ, որ հայկական պատվիրակությունը ակտիվորեն մասնակցեց Կիևում կայացած «Եվրանեսթի» հերթական նստաշրջանի աշխատանքներին, նրանում քննարկված և ընդունված փաստաթղթերի նախապատրաստմանը: Մեր կողմից առաջարկվել են բազմաթիվ բովանդակային փոփոխություններ մարդու իրավունքների, ԶԼՄ-երի ազատության, Փարիզյան համաձայնագրի կատարման, էներգետիկ անվտանգության ապահովման, հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման վերաբերյալ փաստաթղթերում: Այդ առաջարկների գերակշիռ մասը ընդունվել է:
Հատկանշական է, որ առաջին անգամ նման հարթակում քննարկվեց, ընդունված փաստաթղթում ամրագրվեց կոնֆլիկտային գոտիներում ապրող մարդկանց իրավունքները շրջակա միջավայրի պաշտպանության համատեքստում՝ անկախ քաղաքական իրավիճակից:
Ընդունվեց բանաձև այսպես կոչված արհեստական ինտելեկտի և մահաբեր զենքերի վերաբերյալ՝ ռոբոտ-քիլլերներ կամ վերջին սերնդի դրոններ, որոնց օգտագործումը պատերազմական ժամանակ կարգավորված չէ: Արցախը և Հայաստանը ապրիլյան պատերազմի օրերին և հետո էլ մեկ անգամ չէ, որ համոզվել են հետևյալում. արհեստական ինտելեկտի կողմից ղեկավարվող, նոր սերնդի ռոբոտների, մահաբեր անօդաչու սարքավորումների օգտագործումը կարող է բերել մեծաթիվ մարդկային զոհերի:
Պետք է նշեմ, որ բանաձևի ընդունման հարցում մեզ աջակցել են թե´ եվրախորհրդարանի անդամները, թե´ ուկրաինական, մոլդովական և վրացական պատվիրակությունների մեր գործընկերները:
Մի կարևոր ձեռքբերում ևս՝ հայկական կողմին հերթական անգամ հաջողվեց պնդել այն մտեցումը, որ Ղարաբաղյան հակամարտությունը էապես տարբերվում է հետսովետական տարածքների մնացած բոլոր հակամարտություններից և այդ հակամարտության լուծմամբ զբաղվող միակ միջազգային ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև նստաշրջանի շրջանակներում կայացած կանանց ֆորումը, որը մեկ անգամ ևս արձանագրեց հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման անհրաժեշտությունը: