ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Trend» գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպումից առաջ: Նա նշել է, որ հակամարտությունների կարգավորման համար խիստ կարևոր նշանակություն ունի համատեղ աշխատանքը:
Գրեմինգերն իր հերթին վստահություն է հայտնել, որ անվտանգության հարցերով այնպիսի ներառական միջազգային կառույցը, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, կարող է կանխել ճգնաժամերի վերածվելը հակամարտությունների և օգնել անդրազգային խնդիրները լուծելու հարցում:
«Այժմ դա կարևոր է, ինչպես երբևէ: Այդիսկ պատճառով, ես իմ առաքելությունն եմ համարում ԵԱՀԿ մանդատի շրջանակներում վերականգնել անվտանգության հարցերով երկխոսությունը և շարունակել աշխատանքը եվրասիական տարածաշրջանում: Ես մտադիր եմ շարունակել այդ աշխատանքը՝ ներառական և ընդհանրացնող օրակարգ ստեղծելու նպատակով», - ասել է նա: