Թուրքիայի նախկինում հայաշատ Այնթափ քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման վերաբերյալ նյութ է հրապարակել թուրքական GazeteKarinca կայքը։ News.am-ի հաղորդմամբ, կայքը մասնավորապես նշում է, որ Այնթափում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերին պատկանող և պատմական արժեք ներկայացնող մի շարք շինություններ վերածվել են մզկիթների կամ սրճարանների։
Հայերի մասին ամենակարևոր հետքը կրող Էբլեհան թաղամասի ամենաբարձրադիր վայրում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին 2010 թվականին վերանորոգման անվան տակ վերածվել է Փրկության մզկիթի։ Բացի այդ, եկեղեցու ներսում գտնված և քրիստոնեության մասին վկայող որմնանկարները ջնջել են։
Կայքը հավելել է, որ Այնթափում կան նաև նախկինում հայերին պատկանող մի քանի հարկից բաղկացած և այգիներ ունեցող տներ, որոնց մեծ մասը վերածվել է սրճարանների կամ որպես բուտիկ-հյուրանոց ծառայություն է մատուցում տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին։