Բելգիայի դատարանը ազատ է արձակել Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնին և շրջանի չորս նախկին նախարարներին:
Պուչդեմոնը և կատալոնական կառավարության նախկին անդամները ազատ են արձակվել մինչև Իսպանիայի կողմից կալանավորելու հրաման տալը: Դատավարությունը տևել է ավելի քան 10 ժամ:
Նոյեմբերի 5-ի առավոտյան Պուչդեմոնը և իր զինակիցները հանձնվել էին Բելգիայի ոստիկանությանը: Կատալոնիայի նախկին ղեկավարը Բրյուսել էր ժամանել հոկտեմբերի 30-ին, այն բանից հետո երբ հոկտեմբերի 27-ին Պուչդեմոնը և նրա ամբողջ կառավարությունը հրաժարական են տվել: Նոյեմբերի 2-ին Իսպանիայի ազգային դատարանը Պուչդեմոնին և նրա զինակիցներին ձերբակալելու հրաման էր տվել: Նրանց մեղադրում են իշխանությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերելու և հոկտեմբերի 1-ին Մադրիդի կողմից չճանաչված Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպման համար ծախսված պետական միջոցների հափշտակման մեջ, հայտնում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Կարլես Պուչդեմոնը փախել է Կատալոնիայի անկախության հռչակումից հետո, իսկ Իսպանիան, ի պատասխան դրա, կիրառել է Սահմանադրության 155-րդ հոդվածը` հանելով տարածաշրջանի բոլոր անդամներին իրենց պաշտոնից: Հոդվածի կիրառման արդյունքում Մադրիդը Կատալոնիայում իշխանությունը փոխանցել է փոխվարչապետ Սորայա Սանս դե Սանտամարիին, գրում է Vanguardia թերթը: Մարիանո Ռախոյը Կատալոնիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել այս տարվա դեկտեմբերի 21-ին:
Բարսելոնայում, իրենց առաջնորդի «փախուստը» միանշանակ չի ընկալվում: Այդ իսկ պատճառով Պուչդեմոնի ազատման պահանջով Կատալոնիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաներն այնքան էլ զանգվածային չէին: