Անկարայի նոր քաղաքապետ ընտրվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Թունան, հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարայի նախկին քաղաքապետ Մելիխ Գյոքչեկը, ով ևս իշխող կուսակցությունից էր, հայտարարել էր, որ հրաժարական է տալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով:
Նշվում է, որ Թունան ընտրվել է Անկարայի քաղաքային ժողովի ձայների մեծամասնությամբ: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Անկարայի Սինջան թաղամասի թաղապետի պաշտոնը:
1994 թվականին Անկարայի քաղաքապետի պաշտոնում ընտրված և 4 անգամ այդ պաշտոնում վերընտրված Գյոքչեկն իր թվիթերյան էջում շնորհավորել է Թունային՝ մաղթելով նրան հաջող աշխատանք: