Նոյեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը և ընդունվող փաստաթղթերին, մասնավորապես նշել է. «Փաստաթղթերը չեն կանխում պատերազմները, դրանք նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը: Փաստաթղթերն ստեղծում են քաղաքական կապիտալ, քաղաքական միջավայր այս կամ այն երկրի համար, որը հետո հնարավորություն է տալիս պատժելու մեղավորներին: Սա է դիվանագիտական աշխատանքի վերջնական արդյունքը: Ստեղծվում է քաղաքական միջավայր, այս դեպքում՝ երկու հայկական պետությունների հանդեպ, որը վաղը տալու է քաղաքական արդյունքները: Մեր աշխատանքը համեստ էր, և արդյունքները նույնպես գլոբալ առումով համեստ են: Ղարաբաղաադրբեջանական սահմանին, ցավոք, շարունակվում են կրակոցները, մենք շարունակում ենք ունենալ զոհեր: Սա, այս պահի դրությամբ, դիվանագիտությամբ կանխվող երևույթ չէ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքի և կրած դերի պատճառով: Սակայն սա չի նշանակում, որ խորհրդարանական ձևաչափերում փաստաթղթերը և բանաձևերը կարևոր չեն»:
Թվարկելով մի շարք հակահայկական բանաձևերի տապալման գործընթացը տարբեր միջազգային հարթակներում՝ պարոն Աշոտյանն ընդգծել է. «Մենք պետք է պայքարենք և ստեղծենք ճիշտ քաղաքական եղանակ, ճիշտ միջավայր Արցախի հակամարտության վերաբերյալ»: