Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատարանն անընդունելի է համարել France 2 հեռուստաալիքի լրագրողներ Էլիզ Լյուսենի ու Լորան Ռիչարդի դեմ ներկայացված Բաքվի հայցը, հայտնում է Panorama.am-ը: Հիշեցնենք, որ Բաքուն մեղադրում էր նրանց զրպարտության մեջ, քանի որ վերջիններս Ադրբեջանին «բռնապետություն» էին անվանել:
Էլիզ Լյուսենն ու Լորան Ռիչարդը Ադրբեջանին բնորոշել էին որպես բռնապետություն «Cash Investigation» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվել էր 2015 թվականի սեպտեմբերի 7-ին:
Նանտեր քաղաքի դատարանի նախագահը հայտարարել է. «Մամուլի ազատության մասին օրենքը նպատակ ունի ապահովելու խոսքի ազատությունն ու թույլ չտալ պետությանը քրեական հետապնդման ենթարկել անհատին»: Դատարանը գտել է, որ «քրեական օրենսգիրքը խստորեն մեկնաբանվել է» ու Կովկասի պետությունը «չունի ավելի իրավունքներ, քան Ֆրանսիայի պետությունն» ու անընդունելի ճանաչել հայցը:
«France Télévisions»-ի ու երկու լրագրողների փաստաբանները ողջունել են դատարանի որոշումը: Փաստաբան Վիրջինի Մարկեն դատարանի որոշումն անվանել է «շատ հետաքրքիր»՝ ընդգծելով, որ դատարանը ճանաչեց, որ քաղաքացու, ավելին, լրագրողի դեմ գործելը լրջորեն կվնասի արտահայտվելու ազատությանը: Փաստաբանը նշել է, որ այս որոշումը «վերջ դրեց լրագրողներին քաղաքական գրաքննության ենթարկելու բոլոր հնարավորություններին»: