Այսօր Երևանում բացվել է «Հայագրոֆորում» համաժողովը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության բարեփոխումների ոլորտում կառավարության գործողությունները կլինեն շարունակական և ոլորտի պահանջներին համահունչ:
«Միասին պարբերաբար կքննարկենք թե՛ խնդիրները, և թե՛ զարգացման ուղիները: Սա է այսօրվա տրամաբանությունը՝ պետությունը և մասնավորը պետք է միասին քրտնաջան աշխատեն՝ զարգացնելու բոլորիս համար այս կարևորագույն ոլորտը: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք հետևողականորեն, տարեցտարի ունենալու ենք այլ գյուղատնտեսություն: Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենք մեծ ներուժ, պարզապես այստեղ պետք է անենք որոշակի փոփոխություններ, մի փոքր վերանայենք մեր ստանդարտ մեթոդները: Մենք շուկաների խնդիր չունենք, եթե արտադրում ենք ճիշտ որակի ապրանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է, և 3,5-4 տարվա ընթացքում ունի հետվերադարձի տրամաբանություն:
«Առկա է ստարտային կապիտալի խնդիր և տրամադրվող վարկերն ուղղված են հենց դրան: Այս բիզնեսի համար վարկերի տոկոսը կրիտիկական չէ, մենք պարզապես ցանկանում ենք մեր ծրագրերով նշել գյուղատնտեսության կոնկրետ ուղղություններ, որպեսզի լինեն հաջող օրինակներ և դրանք վարակի նման տարածվեն»,- ասել է վարչապետը: