Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Թուլսի Գաբարդը կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, հայտնում է Artsakhpress-ը:
Լոս Անջելեսի քաղաքապետը իր համաքաղաքացիներին դիմել է կոչով. «Այսօր փոքր աջակցություն ցուցաբերելով՝ դուք ապագայի մեծ փոփոխությունների երաշխավորն եք դառնում»։
Կոնգրեսական Թուլսի Գաբարդը նշել է, որ իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը 350 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ «Հիմնադրամի յուրաքանչյուր ներդրման շնորհիվ Հայաստանի և Արցախի տնտեսությունը բարգավաճում է, բացվում են աշխատատեղեր։ Շնորհակալ եմ, որ այս մեծ ծրագրի մի մասն եք»,- ասել է կոնգրեսականը:
Իսկ կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում նշել է․ «Այս տարվա Մարաթոնը կհեշտացնի և ավելի բարեկեցիկ կդարձնի արցախցու կյանքը։ Եկեք աջակցենք մեր եղբայրներին և քույրերին Արցախում՝ միանալով Մարաթոնին»։