Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը Հայաստանի գլխավոր նպատակներից մեկն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Ինչպե՞ս հասնել դրան: Իհարկե, ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր պետությունները սկսեին ճանաչել Արցախի անկախությունը: Բայց ստեղծված բանակցային գործընթացի ձևաչափը դեռ այդ ամենը չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին: Շատ կարևոր մի բան` միջազգայնացնել Արցախը` ըստ ճյուղերի, ոլորտների, ինստիտուտների, ներառել Արցախը տարաբնույթ միջազգային պետական, կառավարական, հասարակական կազմակերպությունների ու ծրագրերի մեջ», - ընդգծել է Աշոտյանը:
Նրա գնահատմամբ, միջազգայնացնելով Արցախը` կհեշտացնենք նաև նրա միջազգային ճանաչումը: «Դեռ 2015 թվականին կրթության ոլորտում նախարարական գագաթնաժողովը Երևանում ընդունեց հռչակագիր և սահմանեց, որ հակամարտության գոտիների քաղաքացիներն ունեն կրթաթոշակ ստանալու, սովորելու, դիպլոմների ճանաչման նույն իրավունքները: Վերջերս բնապահպանական ոլորտում այդ իրավունքները շեշտվեցին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Մենք պետք է օգտվենք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կողմից տրված բազայից և կարողանանք սեկտորալ ճյուղերի միջոցով ներառել Արցախը համաշխարհային գործընթացների մեջ», - եզրափակել է Աշոտյանը: