«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության անունից Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանին նվիրաբարել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որի ներդրումը միասնական հաղթանակի կերտման գործում դժվար է գերագնահատել»,- այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նախօրեին Մոսկվայում՝ Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։