Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային հարթակներում Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումներին՝ ընդգծելով տարբեր ձևաչափերում Արցախի դիրքորոշումը հետևողական բարձրաձայնելու անհրաժեշտությունը և կարևորությունը: Թեմայի ընտրությունն ինքնին արդեն կարևոր է, սակայն այս ուղղությամբ տարվող աշխատանքներում սխալ կլինի բավարարվել միայն տարբեր հարթակներում արցախյան կողմի դիրքորոշումը ներկայացնելու ՀՀ ԱԺ պատգամավորների պատրաստակամությամբ: Հաշվի առնելով համագործակցության առկա փորձը՝ նպատակահարմար է երկու երկրների խորհրդարանական դիվանագիտության համար սահմանել աշխատանքի նոր ուղղություններ, որոնք կնպաստեն միջազգային ձևաչափերում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը:
Երկու երկրների խորհրդարանականների համար, որպես կարևոր խնդիր, կարելի է դիտարկել համատեղ և համակարգված ջանքերի միջոցով Արցախի ներկայացուցիչների ներգրավման հնարավորությունը խորհրդարանական համագործակցության և այլ միջազգային ձևաչափերում: Մասնավորապես, առավել ակտիվ ջանքեր պետք է ներդնել Արցախին առնչվող քննարկումներում պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածության ուղղությամբ՝ հաշվի առնելով նման միջազգային նախադեպերը (օրինակ` Կոսովո):
Հայաստանի և Արցախի խորհրդարանականներն, օգտագործելով իրենց միջազգային կապերը, կարող են թիրախավորված աշխատանքներ տանել հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող, ինչպես նաև մարդասիրական միջազգային առաջատար կազմակերպությունների Արցախում գրասենյակների բացման ուղղությամբ:
Համատեղ աշխատանքի մեկ այլ արդյունավետ ուղղություն կարող է դառնալ Արցախի խորհրդարանականների միջազգային կապերի ամրապնդումը: Այս առումով, օրինակ, արդյունավետ կլինի տարբեր երկրների խորհրդարանականների հետ հանդիպումներում (այդ թվում՝ բարեկամական խմբերի ձևաչափում) արցախցի պատգամավորների ներգրավումը:
Երկկողմ համագործակցության շրջանակներում ցանկալի է ուշադրություն դարձնել նաև Արցախի վերլուծական շրջանակների հմտությունների զարգացման և միջազգային կապերի ընդլայնման հնարավորություններին:
Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցության վերոնշյալ ուղղությունները կարող են դառնալ ներուժի իրացման բավական լայն դաշտ: Այս աշխատանքում կարևոր է գիտակցել, որ չճանաչվածությունից բխող խոչընդոտները հնարավոր է հաղթահարել նորարարական մոտեցումներով: