Եվրամիությունից հեռանալիս Մեծ Բրիտանիան պարտավոր է վճարել առնվազն 60 մլրդ եվրո: Այս մասին ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: Նա ավելացրել է, որ եթե Մեծ Բրիտանիան հրաժարվի վճարել այդ գումարը, ապա այն պետք է վճարեն Եվրամիության մյուս անդամ երկրների քաղաքացիները:
Օրեր առաջ ԵՄ համակարգողը մամլո ասուլիսում նշել էր, որ կողմերը հեռու են փոխզիջումներից, միևնույն ժամանակ, նա ընդգծել էր, որ Եվրամիությունը չի պահանջում որևէ զիջում Մեծ Բրիտանիայից բանակցային փուլում, և իրենք էլ իրենց հերթին մտադիր չեն զիջումների գնալ:
Նրա խոսքով, Եվրամիությունը բանակցությունների 2-րդ փուլին կանցնի միայն այն դեպքում եթե Մեծ Բրիտանիան իրականացնի իր կողմից ստանձնած 3 կետերը: Առաջին հերթին Բրյուսելի համար կարևոր են Բրիտանիայի քաղաքացիների իրավունքները ԵՄ-ից դուրս գալուց հետո: Երկրորդ հիմնական խնդիրը՝ ԵՄ հանդեպ Լոնդոնի ստանձնած ֆինանսական պարտավորություններն են , որոնք կազմում են մոտ 60 մլդ դոլար: Եվ վերջապես ԵՄ-ն փորձում է թույլ չտալ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության միջև սահմանի ի հայտ գալուն: Սրանք են այն 3 հիմնական կետերը, որ ԵՄ-ն պահանջում է Մեծ Բրիտանիայից, որպեսզի բանակցային գործընթացը թևակոխի 2-րդ փուլ: Մինչ դեկտեմբեր Բրիտանիային ժամանակ է տրվել այս 3 կետերի իրականացման համար:
Հատկանշական է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է իր զբաղեցրած պաշտոնից ազատվել՝ առաջացած տարաձայնությունների պատճառով, որոնք ծագել են վարչապետի ու պատգամավորների միջև՝ ԵՄ կազմից երկրի դուրս գալու հետ կապված: Պալատի Պահպանողական կուսակցության 40 պատգամավոր անվստահություն է հայտնել Մեյին: Ընդդիմության ղեկավար Ջերեմի Կորբինը պահանջում է վարչապետից կարգ ու կանոն հաստատել բանակցային գործընթացում կամ հրաժարական տալ, կամ ավելի հստակ՝ «կառվարիր կամ հեռացիր»:
Բրիտանական խորհրդարանը մինչև համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կստանա դիտարկել և քվեարկել Brexit-ի վերջնական գործարքի համար: Այս մասին նոյեմբերի 13-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու պահպանողական նախարար Դեվիդ Դևիսը: Նա նաև շեշտել է, որ BrExit-ի չեղարկման տարբերակ չկա և չի լինի:
Այնուամենայնիվ կարիք կա, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը փոխզիջման ուղին գտնեն: Ուսումնասիրելով ստեղծված թվացյալ անհաղթահարելի իրավիճակը կարելի է եզրակացնել, որ Մեծ Բրիտանիան կարող է մնալ եվրոպական միասնական շուկայում, սակայն միգրացիայի կանոնների փոփոխություններով:
Brexit-ի գործընթացի ավարտը նախատեսվում է 2019թ. մարտի 29-ին, որը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մինչև 2017թ. վերջ ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային հաջողվի հասնել համաձայնության, այդ թվում` ֆինանսական հարցերում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին, բրիտանացիների 52%-ը հանրաքվեի շրջանակներում կողմ է արտահայտվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: