Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հայտարարել է երկրի կառավարության կազմում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին:
Այսպես` 18 նախարարությունների փոխարեն կլինի 13-ը: Կլուծարվեն էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների, սպորտի և երիտասարդության, պատիժների կատարման նախարարությունները: Դրանք կներառվեն էկոնոմիկայի, գյուղատնտեսության, մշակութի և արդարադատության նախարարություններում:
Կվիրիկաշվիլին այսօր լրագրողներին տեղեկացրել է նաև կառավարության կազմում իրականացված կադրային փոփոխությունների մասին: Պաշտոնանկ է արվել ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին: Այսուհետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կղեկավարի էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Գիորգի Գախարիան: Նա այդ պաշտոնը կհամատեղի փոխվարչապետի պարտականությունների կատարման հետ: