Իրանում նոյեմբերի 14-ը հայտարարվել է համազգային սգի օր՝ կապված ավերիչ երկրաշարժի հետ, որը 430 մարդու կյանք է խլել, գրում է IRNA գործակալությունը: Իրանի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի արևմուտքում տեղի ունեցած աղետալի և ցավալի երկրաշարժը, որի արդյունքում հարյուրավոր իրանցիներ մահացան և հազարավորները վիրավորվեցին, իրանցիների ցավի պատճառ է հանդիսացել:
«Ցավակցություն հայտնելով Գերագույն Առաջնորդին, իրանցի ժողովրդին, մասնավորապես Քերմանշահ նահանգի բնակիչներին, և բոլոր նրանց, ովքեր անցել են այդ աղետալի միջադեպի միջով, նախարարների կաբինետը մաղթում է շուտափույթ ապաքինում և երեքշաբթի օրը հայտարարում է սգո օր՝ ի հիշատակ բոլոր զոհերի», - նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ կիրակի օրը 7,3 բալ ուժգնությամբ աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Ըստ վերջին տվյալների, տարերքից առավելապես տուժել են Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ և Իլամ նահանգները: Երկրաշարժի հետևանքով 430 մարդ մահացել է, 7156-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: