Այսօր երեկոյան Երևանում կմեկնարկի «Կին» փառատոնը, այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Փառատոնը 14-րդ անգամ է անցկացվում:
Միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կին ռեժիսորների պատրաստած ու փառատոնին ներկայացված 500 ֆիլմերից ընտրվել են 60-ը: Դրանք նկարահանված են տարբեր երկրներում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Կորեայում, Մեքսիկայում, Կոսովոյում, Ավստրալիայում:
«Փառատոնի նպատակն է հարթակ տրամադրել կին ռեժիսորներին, աջակցել, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի լինի: Աշխարհը տեսնել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց աչքերով: Կին ռեժիսորներն առավել հաճախ են խնդիրներ ունենում, քան տղամարդիկ, սա մի առիթ է այդ ճանապարհը հարթելու համար»,-միջոցառման նպատակը ներկայացրեց տնօրենը:
Կին ռեժիսորների ֆիլմերի թեմաներն էլ տարբեր են՝ ներկայացված են նաև կանանց խնդիրները: