ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը, չնայած առկա տարաձայնություններին:
Այդ մասին ասված է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի և ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է նոյեմբերի 13-ին Բելգրադում նրանց հանդիպման արդյունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:
«Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը տարբեր հայեցակարգեր ունեն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ, բայց մենք կշարունակենք համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ, որը նոյեմբերի 14-ին հրապարակվել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության կայքում: «Մինսկի համաձայնագրերին համապատասխան քաղաքական միջոցները անվտանգության ոլորտի միջոցառումների հետ զուգորդելու անհրաժեշտությունը միշտ էլ եղել է:
Երկու կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է իմաստավորել այսօրվա քննարկումը և խորհել այդ խնդրի լուծման հետագա ուղիների շուրջ»,-ասված է տեքստում: