Վրաստանի հայաբնակ Դադեշ գյուղի (Սամցխե-Ջավախեթիի շրջան) գյուղացիները սպառնում են կրկին արգելափակել Կարծախ-Ախալքալաք ճանապարհը:
Ինչպես Jnews.ge-ին է հայտնել Ջավախեթիի տեղեկատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը` գյուղացիները վստահ են, որ նրանց գողացված կովերի հարցը կարելի է լուծել կարճ ժամկետում:
Նախօրեին դադեշցիները կրկին հանդիպել են Նինոծմինդա և Ախալքալաքի շրջանների մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էնզել Մկոյանի հետ, սակայն հանդիպումն արդյունք չի տվել:
«Բնակիչներն անհանգստանում են, սպասում քննության արդյունքներին, քանի որ կարծում են, որ այդ հարցը կարելի է արագ լուծել, առավել ևս, որ թուրքական կողմը տեսագրություն ունի»,- ասել է Ղարիբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ առայժմ դադեշցիները չեն բացահայտում իրենց հետագա քայլերը, սակայն հայտարարել են մինչև վերջ պայքարելու մտադրության մասին՝ արդարությունը վերականգնելու և անասուններին վերադարձնելու համար:
Գյուղացիներից 15 օր են խնդրել միջադեպի հետաքննության համար: Եթե այդ ժամկետում ոչինչ չձեռնարկվի և չպարզվի, ապա դադեշցիները սպառնում են կրկին արգելափակել Կարծախ-Ախալքալաք ճանապարհը: