Ադրբեջանում նոյեմբերի 15-ի գիշերը գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել է Տիգրանակերտի ամրոցի այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտնել է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:
«Գիշերային երկրաշարժի հետևանքները Տիգրանակերտում։ Բարեբախտաբար պատմական շինությունները չեն վնասվել: Վնասվել է շինության այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է եղել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ։ ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության կայքի փոխանցմամբ, երկրաշարժը գրանցվել է ժամը 23:48-ին, Բարդա քաղաքից 20 կմ դեպի արևելք-հարավ-արևելք ընկած հատվածում։
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով`19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 աստիճան և արևելյան երկայնության 47.10 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ: