Նոյեմբերի 17-ին իր բրազիլացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ գառան մորթիով ներկայանալու Ադրբեջանի փորձերը հաջողությամբ չեն պսակվի, հայտնում է News.am-ը:
Նա նշել է, որ բանակցություններն այլընտրանք չունեն՝ հավելելով, որ այս տեսակետից հայկական կողմը կարևորում է միջնորդների ջանքերը՝ ուղղված բացառապես խաղաղ կարգավորմանը: Համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել են Ժնևի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժղովների արդյունքները, ձեռք բերված համաձայնությունների կատարման հնարավորությունները: Ձեռք է բերվել նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման համաձայնություն՝ Վիեննայում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում. հնարավոր է հանդիպումը տեղի ունենա դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին. առայժմ ճշգրիտ օր չի որոշվել
Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակալիության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին, ապա նախարարը հիշեցրեց, որ համանախագահ երկրները կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական մաքսիմալիստական մոտեցումներից:
«Նրանք կոչ են հանում հաստատել հակամարտությունը խաղաղ լուծելու պարտավորությունը: Արդյոք Ադրբեջանը սա անո՞ւմ է: Նրանք կոչ են անում միջազգային իրավունքի 3 սկզբունքի հետևել: Արդյոք Ադրբեջանը սա անո՞ւմ է: Կոչ են անում անշեղորեն հետեւել հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրին: Հարգել նախկինում ձեռք բերված համաձայնությունները: Արդյոք Ադրբեջանը սա անո՞ւմ է: Միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին արդեն շատ տարիներ է խոսվում: Արդյոք Ադրբեջանը համաձայնո՞ւմ է: Համանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մանդատը: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ եթե անգամ թիվը պաշտոնապես մեծանա, դիտարկում կատարելու հնարավորությունները սահմանափակվեն»,- ասել է նախարարը:
ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ հիմնական սկզբունքների բազմամյա քննարկումներից հետո (Կազանի գագաթնաժողովում) Ադրբեջանը հայտարարել է, որ դա պետք չէ անել: «Այս պատճառով հայտարարությունները և գառան մորթիով ներկայանալու փորձերը հաջողություն չեն ապահովի»,- նշել է Նալբանդյանը՝ հիշեցնելով գայլի մասին հայկական ասացվածքը, որի գլխին խաղաղության քարոզ են կարդում: