Նոյեմբերի 16-ին Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահ Խորխե Կառլոս Ռամիրես Մարինի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ, փոխանցում է Artsakhpress-ը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Մեքսիկա միջպետական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության օրակարգ:
Դեսպան Այվազյանը բարձր է գնահատել Մեքսիկայի Պատգամավորների պալատում Հայաստանի հետ գործող բարեկամության խմբի պատվիրակության վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցը, որը նոր հեռանկարներ է ստեղծել տարբեր բնագավառներում փոխգործակցության խորացման համար:
Պատգամավորների պալատի նախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ստորին պալատի նախագահն ընդգծել է, որ Մեքսիկան, որի սահմանադրությունում ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, որպես Հայաստանի բարեկամ երկիր աջակցում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպում է ունեցել նաև Պատգամավորների պալատի՝ Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ՝ քննարկելով միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: