Եվրասիական տնտեսական միությունը մոտ է Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը:
Այդ մասին, նոյեմբերի 17-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, փոխանցում է Artsakhpress-ը:
«Մենք բարձր աստիճանի պատրաստության մեջ ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու հարցում: Ավարտվում են բանակցություններն Իրանի հետ, և մենք հուսով ենք, որ մոտ ժամանակներս կավարտվեն բանակցությունները Սինգապուրի հետ»,-ասել է նա:
Ինչպես նշել է Շուվալովը, ԵԱՏՄ-ն հնարավորություն ունի ԱԱԳ-ի շուրջ բանակցություններ սկսել «մի քանի տասնյակ երկրների» հետ, որոնց թվում են՝ Եգիպտոսը և Հնդկաստանը: ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա:
Բանակցություններին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի երկրների ազգային կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետներ և Չինաստանի տարբեր գերատեսչությունների պաշտոնատարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: