1988թ. Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայ բնակչության ջարդերով սկիզբ դրված Ադրբեջանցիների հայատյաց քաղաքականությունը շարունակվում է նաև մեր օրերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը, ով Բաքվի փախստական է:
«Սումգայիթի ջարդը Բաքվում մեր կյանքի վերջի սկիզբն էր, մեր մանկության վերջի սկիզբն էր: Ադրբեջանի ղեկավարությունն ամբոխին ուղարկեց հայերին կոտորելու, Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում: 30 տարի է անցել այդ իրադարձություններից, սակայն ես գիտեմ, որ այդ գազանություններն ադրբեջանցիների կողմից շարունակվում են հայերի դեմ Արցախում և ողջ աշխարհում: Դրա համար ես կարծում եմ, որ աշխարհասփյուռ հայությունը երբեք չպետք է մոռանա այդ ողբերգական իրադարձությունները, որովհետև մեր մոռանալու դեպքում այդպիսի հանցագործությունները կկրկնվեն։
Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը նաև հայտնել է, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայացել է իր հեղինակած «Գաղթ դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը, որում պատմվում է 1988-1992թթ․ Ադրբեջանում հայերի կոտորածների մասին:
Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը 1988թ. եղել է 11 տարեկան և ականատես է եղել Բաքվում հայերի ջարդերին: Նա իր տեսած վայրագությունները նկարագրել է իր օրագրում, որի հիման վրա էլ գրել է իր գիրքը: