Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել Նիդեռլանդների վարչապետի հետ նոյեմբերի 20-ին նախատեսված հանդիպումը, հայտնում է գերմանական կառավարության մամուլի ծառայունը: Չնայած հանդիպման չեղարկման պատճառները չեն նշվում, սակայն փորձագիտական շրջանակներում համոզված են, որ դա պայմանավորված է երկրում հասունացող քաղաքական ճգնաժամի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Անգելա Մերեկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի և Կանաչների կուսակցության հետ խորհրդարանական կոալիցիա ձևավորելու բանակցություններից: Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Կրիստիան Լինդները հայտարարել է, որ բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում: Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վիճելի են մնացել մասնավորապես փախստականների ընտանիքների վերամիավորման, ժամանող ներգաղթյալների սահմանաչափի և կլիմայի վերաբերյալ հարցերը։
Մերկելի դաշինքի հետ կոալիցայի կազմելուց այնուհետև հրաժարվեց նաև Կանաչների կուսակցությունը, իսկ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը նախորդ գումարման խորհրդարանում Մերկելի դաշինքի հետ մեծամասնության կոալիցիա էր ձևավորել, վերահաստատեց ընդդիմությունում մնալ իր մտադրությունը:
Այսօր Մերկելը պատրաստվում էր ստեղծված իրավիճակը ներկայացնել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Քանի որ գերմանական օրենսդրությունը չունի խորհրդարանը ցրելու մեխանիզմներ, նախագահը բունդեսթագին պետք է ներկայացնի կանցլերի թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ դա կլինի Մերկելը, ով այս պահին խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարն է: Չնայած ակնհայտորեն Գերմանիայում 2018 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն Մերկելի համար կարևոր է ժամանակ շահել հանրության մոտ իր դաշինքի վարկանիշը բարձրացնելու համար, ուստի առաջիկայում նա ջանք չի խնայի կանցլերի պաշտոնում ընտրվելու համար: Այդ դեպքում Մերկելը կկարողանա արտահերթ ընտրություններ նշանակել իրեն հարմար ժամանակ՝ բունդեսթագում դնելով անվստահության հարցը:
Սակայն վերլուծաբանները կարծում են, որ սա Գերմանիայում քաղաքական սերնդափոխության սկիզբն է: Նախորդ ընտրությունների ժամանակ Գերմանիայի ավանդական կուսակցություններից ոչ մեկին չհաջողվեց բարելավել իր արդյունքն, ավելին՝ Մերկելի կուսակցությունն պատմական նվազագույն արդյունքը գրանցեց՝ չնայած որ հաղթեց ընտրություններում: Նման պայմաններում, եթե գերմանական հիմնական կուսակցություններն ընտրություններին հանդես գան ներկա կազմով, արտահերթ ընտրություններում իր արդյունքը բարելավելու շանսեր կունենա միայն աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: