Հայաստանի վերջին տասը ամիսների մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վիճակագրության համաձայն՝ աճ է արձանագրվել ներկայացված գրեթե բոլոր ոլոտներում: Եթե ցուցանիշները մինչև տարեվերջ պահպանեն նույն միտումներն, ապա ընթացիկ տարին ՀՀ տնտեսության համար կարելի է բնութագրել բավարար:
Վիճակագրությունը բավական հետաքրքիր պատկեր ունի ցուցանիշների փոխկապակցված դիտարկման պարագայում: Այսպես, ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016թ. նույն ժամանակահատվածի համար (հունվար-հոկտեմբեր) աճել է 7%-ով, այն դեպքում, երբ նախորդ տարա տարբերությունը 2015-ի նկատմամբ կազմել է ընդամենը 0.5 տոկոս: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բավական մեծ աճ են գրանցել նաև ծառայությունների ծավալներ՝ 13.9%: Այս և նախորդ ցուցանիշներն, անշուշտ, կապված են միմյանց հետ. ծառայությունների ծավալն աճել է, ինչը նշանակում է, որ աճել է դրանց պահանջարկը: Իսկ ծառայությունների պահանջարկի աճը խոսում է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին, քանի որ ծառայություններից ավելի շատ օգտվելն ուղիղ համեմատական է բնակչության վճարունակության մակարդակի բարձրացմանը: Ուստի ծառայությունների ծավալների աճը վկայում է տնտեսական աճի՝ բնակչության վրա ունեցած պատճառահետևանքային կապի մասին:
Նույն տեսակ փոխգործակցության մասին են խոսում արդյունաբերական ծավալների աճի (12, 4%), ներքին առևտրաշրջանառության աճի (12,6%) և արտահանման աճի մասին ցուցանիշների (19,4%) վիճակագրությունը: Այս պարագայում պատճառահետևանքային կապն ընթանում է հակառակ ուղղությամբ. վերոնշյալ բոլոր ցուցանիշների աճն են պայմանավորել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, քանի որ նշված երեք ոլորտների պարագայում էլ խոսքը վերաբերում է ներքին արդյունքի, ուստիև՝ կապիտալի աճի մասին, ինչն ուղղակի նախապայման է տնտեսական ակտիվության համախառն աճի համար:
Փոքր ինչ մտահոգիչ և միևնույն ժամանակ հակասական մեկնաբանության է ենթակա ներմուծման ծվալների աճի ցուցանիշը, որը կազմել է 24,1%: Եթե ցուցանիշը համեմատենք նախորդ երկու տարիների հետ ( 2015-ին այն եղել է բացասական սալդոյով՝ կազմելով -26,6 %, իսկ 2016-ին՝ 0,1%), ապա ներմուծման ծավալների աճը կարելի է կրկին պայմանավորել աշխուժացման հետ, քանի որ նախորդ երկու տարիները տնտեսության տեսանկյունից բարդ էին, մինչդեռ մտահոգությունն այս ոլորտի հետ կապված շարունակում է պահպանվել, քանի որ արտահանման աճի այս տարվա ցուցանիշի համեմատ (հիշեցնենք ՝ 19,4%), ներմուծման աճը կրկին ավել է: Սա նշանակում է, որ արտաքին առևտրաշրջանառությունը Հայաստանի տնտեսության համար շարունակում է մնալ ոչ շահեկանորեն չբալասնավորված վիճակում, ինչի ուղղությամբ պետք է տարվի հետևողական աշխատանք, այդ թվում առավելագույնս օգտվելով ՀՀ առջև բացված նոր հնարավորություններից՝ ի դեմս ԵԱՏՄ շուկայի և դեպի եվրոպական շուկաներ դուրս գալու արտոնյալ պայմանների: