Նոյեմբերի 24-ին Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր՝ կհանդիպեն Բրյուսելում:
Արևելյան գործընկերության գագաթաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է:
Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Գագաթաժողովից հետո նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։
- Շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։
Սերժ Սարգսյան. - Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ:
- Պարոն նախագահ, ևս մեկ հարց՝ տարածաշրջանի անվտանգության հետ կապված, այս համաձայնագիրը կնպաստի՞ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքայի՞ն մի ուղղություն է։
Սերժ Սարգսյան. - Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է։