Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ:
Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը, երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ: