Մալաթիայում բնակվող ալևիները բողոքի երթ են կազմակերպել Ջեմալ Գյուրսել թաղամասում ալևիների 13 տների վրա արված նշանների համար ու հայտարարել են. «Երբեք ծնկի չենք եկել, ծնկի չենք գալու»:
Ինչպես փոխանցում է Akunq.net-ը՝ հղում կատարելով Artigercek.com-ին, Փիրսուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) Մալաթիայի մասնաճյուղի ղեկավար Մեհմեթ Թոփալն ասել է, որ Մարաշի ջարդերի ժամանակ էլ են զոհերի տների վրա նշաններ արվել: Նա նաև նշել է, որ այդ նշանները տեսնելը իրենց չի զարմացրել, քանի որ դա առաջ էլ են տեսել` Մարաշի ջարդերի ժամանակ. այդ առնչությամբ ասել է. «Մենք` ալևիներս, այս նշանը առաջին անգամ չէ, որ տեսնում ենք, ավելի վաղ Էրզինջանում, Անթեփում ու Ադըյամանում էլ ենք տեսել: Այս ամենից այլևս չեն զարմանում: Դեռ մեր հիշողության մեջ վառ են Ադըյամանում դռներին արված նշանների առթիվ Ներքին գործերի նախարարի ասածները: Այդ ժամանակվա նախարարն ասել էր. «Դռների վրա երեխաներն են նշան արել» ու այսպիսով դեպքն համարել աննշան երևույթ: Այնուհետև տեսախցիկների տեսագրությունները ջնջվել էին, իսկ ֆայլերը` թաքցվել: Վաղն էլ Մալաթիայում այս նշաններն անողների վերաբերյալ կասեն. «Անհայտ երեխաների կամ մի չարաճճիի ձեռքի գործն է»: Գիտենք նաև, որ դեպքը չնչին մի բան կհամարեն և կթաքցնեն հետքերը»: