Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, տուժել՝ 21-ը, հայտնում է РИА Новости-ն:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով զոհվել է Վրաստանի 10, Իրանի 1 քաղաքացի: Որոշ տվյալների համաձայն տուժածների թվում կան Իսրայելի և Թուրքիայի քաղաքացիներ:
Հրդեհը բռնկվել է հյուրանոցի 4-րդ հարկում՝ ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 20:00-ին: Ենթադրվում է, որ բռնկման օջախը եղել է սպա-սրահում: Այդ պահին այնտեղ են գտնվել «Միսս Վրաստան» մրցույթի մասնակից գեղեցկուհիները, որոնց բոլորին ժամանակին տարհանել են, նրանցից ոչ մեկը չի տուժել:
Ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառն եղել է հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումը: Մի քանի ամիս առաջ Աջարիայի զբոսաշրջության գործակալությունը «Լեո Գրանդ» հյուրանոցին տուգանել էր հակահրդեհային համակարգի բացակայության համար: