Շիրակի մարզի Կրաշեն համայնքում այլևս ոչ ոք չի զարմանում, երբ տրակտորի ղեկի դիմաց կնոջ է տեսնում. Հռիփսիմեն մինչև տրակտորին հասնելը համագյուղացիներին զարմացրել է ՈւԱԶ վարելով:
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան` մանկուց գյուղական ամեն տեսակի աշխատանքներում ակտիվ աղջիկը վաղուց է շատերին զարմացրել իր նպատակասլացությամբ: Նա համագյուղացիներից պարզել է համայնքի առաջնային խնդիրը, գրել մի ծրագիր, որը հավանության է արժանացել, ու գյուղը տրակտոր է ստացել, որը վարում է ինքը` Հռիփսիմեն:
«Մինչ այդ գյուղացիներն ամեն ինչ անում էին ձեռքով, չկար նման բազմաֆունկցիոնալ տրակտոր, և այդ էր պատճառը, որ բնության մեջ ապրելով` նույնիսկ չէին հասցնում վայելել բնությունը։ Հենց այդ տեսնելով` որոշեցի դիմել տրակտորի ծրագրով»,- պատմում է Հռիփսիմեն:
Կրաշենցիներն այսօր իրենց հողը վարելու խնդիր չունեն. Հռիփսիմեն իրենց կողքին է։ Այնինչ միշտ չէ, որ այդպես է եղել:
«Երբ 24 տարեկանում որոշեցի բուհ ընդունվել, համագյուղացիներս ասացին` քո տարիքում բոլորն ամուսնանում, երեխաներ են ունենում, իսկ դու դեռ սովորում ես: Սկզբում զարմանում էին, իսկ հիմա արդեն սովորել են»,- ասում է Հռիփսիմեն՝ ավելացնելով, որ սրանով ինքն իր անելիքն ավարտված չի համարում. գյուղում շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: