Օրերս Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված գործընկերության համաձայնագիրն արտացոլում է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ԵՄ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնության շատ բարձր մակարդակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ձևակերպումները, որ կան համաձայնագրում, արտացոլում են Եվրամիության և Հայաստանի միջև ընդհանուր հայտարարի շատ բարձր մակարդակի լինելը», - նշել է Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը շատ հստակ փոխանցում է այն միտքը, որ ԵՄ-ն ամբողջապես կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, կողմնակից է Մինսկի խմբի ու համանախագահների աշխատանքին, և պատրաստ է նպաստել տարածաշրջանում վստահության վերականգնման գործընթացին: «ԵՄ-ն պատրաստ է, հստակ աջակցություն տրամադրելով, նպաստել վստահության կառուցման գործընթացին, ինչպես նաև հետհակամարտային շրջանի վերականգնողական գործողություններին: Մենք հավատում ենք Հայաստանի ու տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև Եվրոպական հարևանության կայունության հաստատման գործում այս հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը»,- հավելել է ԵՄ պաշտոնյան: