Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Հանդիպմանը վարչապետը նկատել է, որ լինելով հարևան բարեկամ երկրներ՝ Հայաստանն ու Իրանն առևտրատնտեսական գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և չնայած այս տարի արտահանում-ներմուծում ուղղությամբ արձանագրված աճին, առկա ցուցանիշները չեն արտացոլում երկկողմ տնտեսական կապերի զարգացման իրական ներուժն ու հնարավորությունները: «Շատ ուրախ եմ, որ այսօր Երևանում բացվել է հայ-իրանական բիզնես ֆորումը, իսկ դեկտեմբերին սպասվում է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Հոկտեմբերին ունեցել ենք բավական հեռանկարային այց Իրան և պայմանավորվել ենք տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստ է՝ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր առևտրաշրջանառությունը», - ասել է Կարեն Կարապետյանը:
ԻԻՀ ԱԳ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը համակարծիք էր ՀՀ վարչապետի հետ, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը չի համապատասխանում Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության բարձր մակարդակին, և Իրանը ևս շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ակտիվացմամբ: Նա տեղեկացրել է, որ իր գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարման հետագա քայլերը և փոխգործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, բացվելիք ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները և այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ և շահավետ հարթակ է լինելու և´ հայաստանցի, և´ իրանցի, և´ երրորդ երկրների գործարարների համար: Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում: