«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի դամբարան: Բացի այդ, ANCA-ն դատապարտել է նաև այն հանգամանքը, որ Մասքը սոցցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը կանգնած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին, հայտնում է Panorama.am-ը:
Լուսանկարների վերաբերյալ ANCA-ն գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ մասնավորապես նշելով. «Մասքը մահացած բռնապետ Աթաթուրքի հետ իր լուսանկարն էր հրապարակել: Մասքը` կենդանի բռնապետ Էրդողանի հետ»:
Նշենք, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում Մասքը հանդիպել է Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Tesla»-ի և թուրքական ընկերությունների համագործակցության, ինչպես նաև Թուրքիայի ավտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցերը: