Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հերքել է ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի մեղադրանքներն առ այն, որ նախագահի բարեկամները և կողմնակիցները միլիոնավոր դոլարներ են փոխանցել օֆշորային կազմակերպությունների հաշիվներին, հայտնում է Ռիա գործակալությունը:
«Կասկածյալների» ցուցակում են նաև երկրի վարչապետ Բինալի Յըլդրըմի որդիները: Ավելի վաղ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը խորհրդարանում արգելախակել է Յըլդրըմի որդիների՝ օֆշորային կազմակերպությունների հետ կապ ունենալու հարցը հետաքննելու վերաբերյալ առաջարկը:
Քըլըչդարօղլուն քննադատել է խորհրդարանի որոշումը: Նրա խոսքերով՝ նախագահի որդին, եղբայրը և կողմնակիցները մի քանի միլիոն դոլար են ներդրել Մեն կղզում գտնվող օֆշորային կազմակերպություն. ընդդիմադիր գործիչը, ելույթ ունենալով խորհրդարանում, թվարկել է մի քանի փոխանցումներ՝ իրականացված Էրդողանի ողբոր՝ Մուստաֆայի և որդու՝ Ահմեդ Բուրակի հաշվեհամարներից 2011-2012թթ.: Ըստ Քըլըչդարօղլուի՝ փոխանցումներն ուղղված են եղել Մեն կղզում գտնվող Belvey կազմակերպությանը:
Ավելին, ընդդիմադիր պատգամավորը հավաստիացրել է, որ ունի ապացույցներ, և կոչ է արել նախագահին «ինքնուրույն» հրապարակել իր ունեցվածքի վերաբերյալ տվյալներ:
Չնայած նրան, որ ավելի վաղ Էրդողանը խոստացել էր հրաժարական տալ, եթե Քըլըչդարօղլուն ապացույցներ ներկայացնի, Թուրքիայի նախագահը ամուր է կանգնած, և պատրաստ չէ գնալ զիջումների: Դեռ ավելին, Էրդողանը պնդում է, որ Քըլըչդարօղլուն ստում է և իր հերթին կոչ է անում հրապարակել ապացույցներ և դիմել դատախազություն, հակառակ դեպքում՝ սպառնալով, որ ընդդիմադիր գործիչը կզրկվի պաշտոնից:
Թուրքիայի նախագահն արդեն անցել է գործնական քայլերի. Էրդողանի իրավաբանները դիմել են դատարան՝ պահանջելով Քըլըչդարօղլուից՝ վճարել 380 հազար դոլար՝ նախագահին ոչ նյութական վնաս հասցնելու և զրպարտելու համար:
Էրդողանի փաստաբանը Ահմեդ Օզելը նշել է, որ Քըլըչդարօղլուի ներկայացրած փաստաթղթերը և մեղադրանքները կեղծ են, և նրա դեմ դատական գործ կհարուցվի: