ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պարտադրում է քաղաքացիական հասարակության հետ ինստիտուցիոնալ դաշտում աշխատելու հնարավորություն: «Պետք է երկխոսության գործնական մեխանիզմներ մշակել, եթե մենք այդ մեխանիզմները, ժամանակացույց չունենանք, որևէ հաջողության չենք հասնի», - հայտարարել է Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանն այսօր ՀՀ ԱԺ-ում կայացած «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
«Պետք է հզորացվեն ՀՀ և ԵՄ քաղաքացիական հասարկությունների միջև համագործակցության բոլոր ձևերը՝ այդ թվում փորձի փոխանակում, եվրոպական արժեքների առաջխաղացումը, շահերի պաշտպանության քարոզարշավները և՛ երկրի ներսում, և՛ Եվրամիության կառույցներում», - նշել է Հերիքնազ Հարությունյանը:
Կարևորելով Համաձայնագրում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Կարեն Զադոյանն ընդգծեց, որ այն շատ լայն հնարավորություններ է ստեղծում ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այնպես էլ իշխանությունների համար: Նրա կարծիքով երկխոսության կառուցման առումով պետք է առանձնացնել երեք կարևոր ասպեկտներ՝ տեղեկատվության փոխանակում, որոշումների ընդունմանը մասնակցություն և հանրային քաղաքականությունների և հանրային բյուջեների նկատմամբ մոնիտորինգներին մասնակցություն:
ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիքով վերոնշյալ հարցերում ցանկացնում ենք արդյունավետություն ունենալ, պետք է արհեստականորեն չբարիկադավորվել մեկը մյուսից. «Եթե քաղհասարակությունը փորձում է բարիկադավորվել իշխանություններից՝ չվստահելով վերջինիս, եթե քաղաքական դաշտը հարգանք չտածի քաղհասարակության ինստիտուտների նկատմամբ, եթե գործընկեր դաշտից ինչ-որ մեկը որոշի գործընթաց մոնոպոլիզացնել, մենք դրանով ոչ մի արդյուքի չենք հասնելու»:
«Երբ մենք խոսում ենք եվրոպական համատեքստում քաղհասարակության հնարավոր դերակատարման մասին, որի հետ կապված բավականին մեծ բլոկ կան նաև համաձայնագրում, մենք պետք է հաշվի առնենք, որ այդ ամենն իր մեթոդաբանության և գործիքակազմի մեջ պետք է ունենա եվրոպական արժեքային համակարգ: Այսինքն, այն չի կարող լինել ուղղակի ինքնանպատակ», - նշեց Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքերով, աննկարագրելի կարևոր դեր ունի ԶԼՄ-ների աշխատանքը ՝ այդ համատեքստում ընդգծելով, որ փորձագիտական գնահատկաններն, այդ թվում քաղհասարակությունից եկող, պետք է հանրության շրջանում մեծ տարածում ստանան:
Պատգամավորի կարծիքով քաղհասարակության և իշխանությունների միջև խորհրդարանն ինստիտուցիոնալ առումով ամենալավ կամուրջն է, ինչի մասնի խոսում է այսօրվա քննարկումը, և դրանում քաղհասարկությանը վերաբերող բլոկի առկայությունը: