Դեկտեմբերի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Շեցինեկի քաղաքապետ Յեժի Հարդի-Դուգլասի պատվո հովանու ներքո, Շեցինեկի հայ համայնքը Լեհաստանի Հայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր «Հայկական օր» խորագրով միջոցառումներ, հայտնում է PanArmenian-ը:
Միջոցառումները տեղի ունեցան Շեցինեկի պատմական ամրոցում, որին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շեցինեկի հայ համայնքի նախագահ Յուրի Խուրշուդյանը, տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողների, քաղաքի և հարակից բնակավայրերից հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած նշանավոր հայ գործիչների մասին դասախոսությամբ հանդես է եկել դոկտոր Լուկաշ Տժեցիակը, որից հետո ցուցադրվել է Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական Մայր Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: