Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը արմատականներին կոչ է արել վերացնել Կրևում NewsOne հեռուստաալիքի շենքի շրջափակումը, իսկ հետուստաալիքի սեփականատերերին՝ «դադարեցնել մարդականց սադրել»: «Ազգային ոստիկանությունն որոշում կընդունի… իր իրավասությունների շրջանակներում», - Twitter-ի իր միկրոբոլգում գրել է Ավակովը:
Դեկտեմբերի 3-ի երեկոյան անհայտ անձիք շրջափակել են հեռուստաալիքի շենքը՝ ի նշան անհամաձայնության NewsOne հեռուստաալիքի քաղաքականության: Նրանք պահանջում են հեռուստաալիքի սեփականատեր, Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Մուրաևից ներողություն խնդրել 2014 թվականի դեպքերը պետական հեղաշրջում անվանելու համար: Բացի այդ, ակտիվիստները պահանջում են նաև, որ հեռուստաալիքը դադարի ռուսական քարոզչություն հեռարձակել: Հակառակ դեպքում՝ ազգայնականները սպառնում են հրաժարվել ակցիայի խաղաղ բնույթից (նշենք, որ հեռուստաալիքի շենքի տարածքում արմատականները խարույկ են վառել, որի շուրջ թեյ են խմում և զրուցում, իսկ հեռուստաալիքի մուտքերից մեկը ընդհանրապես բաց է ելումուտի համար):
Սակայն, ըստ ամենայնի, հեռուստաալիքի ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել իր քաղաքականությունից: «Երկրորդ ժամկետն, ինչի մասին երազում է Պորոշենկոն, հնարավոր է, եթե բոլոր ԶԼՄ-ները փակեն իրենց բերանն, իսկ ընդդիմադիրները ֆիզիկապես ճնշվեն: Հակառակ դեպքում իշխանությունը, որը երկիրը բերել է աղետի, երբեք չի ստանա մարդկանց ձայները», - գրել է Մուրաևը ֆեյսբուքյան իր էջում՝ Ուկրաինայի իրավապահներին կոչ անելով դիմել համապատասխան քայլերի շրջափակումը վերացնելու համար: Պատգամավորի խոսքերով հեռուստաալիքի շենքն արգելափակած մոտ 200 ակտիվիստները գործում են պաշտոնական Կիևի թելադրանքով: Այստեղ հարկ է նաև նշել, որ NewsOne-ը միակ հեռուստաալիքն էր, որն ուղիղ եթերով հեռարձակում էր Միխայիլ Սահակաշվիլի «Երթ հանուն իմպիչմենտի» ակցիան՝ ցուցարարները փողոց էին դուրս եկել՝ պահանջելով նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը:
Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ ակտիվիստները փորձում են «գրաքննություն» իրականացնել: Մասնավորապես, 2016 թվականի փետրվարին ակտիվիստներին դուր չէր եկել «Ինտեր» հեռուստաալիքի քաղաքականությունն, որը նրանց կարծիքով բացահայտ հակաուկրաինական էր: Իսկ արդեն 2016-ի սեպտեմբերին շրջափակել էին հեռուստաալիքը՝ պահանջելով, որ «Կրեմլի գործակալ» հանդիսացող հեռուստաալիքը դադարեցնի իր գործունեությունը: