Կանադայի պաշտպանության նախարար Հարջիթ Սաջանը կարևորում է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Կանադայի համագործակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կանադայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղարար առաքելությունների շրջանակներում նման համագործակցության նախաձեռնությունները անհրաժեշտ են հատկապես տարբեր տարածաշրջաններում կայունության ապահովման տեսանկյունից:
Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հակամարտությունների մեջ գտնվող տարածաշրջաններ կանադական բանակի խաղաղապահ ուժեր գործուղելու ծրագրերին, ինչպես նաև առաջիկա տասնամյակներում երկրի ռազմական բյուջեի ծրագրման մանրամասներին:
Նշենք, որ Հարջիթ Սաջանը Կանադայի առաջին պաշտպանության նախարարն է, ով ազգային փոքրամասնության՝ Կանադայի սիկխերի համայնքի ներկայացուցիչ է: Նա զինվորական ծառայություն է անցել կանադական բանակում, որի ընթացքում գործուղվել է Բոսնիա-Հերցեգովինա և Աֆղանստան: