Գլոբալ տաքացման հետևանքով առաջացող համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով հարյուրամյակի ավարտին հնարավոր է, որ Միացյալ նահանգները միայն Արևելյան առափնյակում զրկվի պատմական ժառանգության 13 հազարից ավելի օբյեկտներից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Hill պարբերականին, այսպիսի կանխատեսմամբ են հանդես եկել ամերիկացի մի խումբ գիտնականներ, որոնց ղեկավարում է Թենեսիի համալսարանի հնէաբան Դևիդ Անդերսոնը:
Հետազոտությունն իրականացնելիս գիտնականները հիմնվել են ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների Միջկառավարական խմբի գնահատականների վրա, որոնց համաձայն՝ 2100 թվականին օվկիանոսի մակարդակի բարձրացումը կկազմի մոտ 1 մետր, իսկ հաջորդ մի քանի հարյուրամյակներին՝ 5 մետր:
«Օվկիանոսի մակարդակի միայն 1 մետրով բարձրանալու դեպքում ջրի տակ կանցնեն ԱՄՆ Արևելյան առափնյա մոտ 13 հազար հնագիտական պեղումների վայրեր, հնագիտական և պատմական տեսարժան վայրեր»,- նշված է խմբի զեկույցում:
«Մենք կկորցնենք Ամերիկայի ափամերձ տարածքների մարդկային զարգացման ապացույցներից շատերը, որոնք տեղի են ունեցել մի քանի հազարամյակների ընթացքում», - հավելել է Դևիդ Անդերսոնը:
Գիտնականները նշել են, որ եթե օվկիանոսի մակարդակը բարձրանա 3 և ավելի մետրով, ապա, հնարավոր է, ջրի տակ անցնեն ամերիկյան հողում եվրոպացիների առաջին բնակավայրերը՝ Ջեյմսթաունը և Սենթ Օգասթինը, իսկ Ֆլորիդայում՝ Կանավերալ հրվանդանի վրա գտնվող ամբողջ տիեզերակայանը: